Ուրբոէկոլոգիա

Կենսաբազմազանություն Gradient Canopy-ի լանդշաֆտային դիզայնում։

3 րոպե

Կարմրածաղիկ հնդկացորեն և Մենցիսա իծամորու ծառեր Gradient Canopy-ում։ Լուսանկարիչ՝ Մարկ Ուիքենս։

Էկոլոգիապես հարուստ համալսարանական միջավայրերի ստեղծումն օգտակար է ոչ միայն մոլորակի համար, այլև՝ մարդկանց։ Առողջ, բազմազան էկոհամակարգերն ու լանդշաֆտները նպաստում են կենսաբազմազանության պահպանմանը, բարձրացնում են էկոլոգիական դիմացկունությունը և էական օգուտներ են բերում մարդկանց առողջության համար։ Հենց այդ պատճառով Gradient Canopy-ի մեր նախագիծը կենտրոնացած է տեղական կենսաբազմազան էկոհամակարգերի վերականգնման վրա։

Gradient Canopy-ի չորս հեկտար բուսածածկ տարածքում մենք աշխատել ենք վերականգնել ժամանակին Սիլիկոնյան հովտում տարածված էկոհամակարգի տարրերը, այդ թվում՝ կաղնու անտառները, ուռիների պուրակները, չապարալների թփուտները և մարգագետինները։ Լանդշաֆտը գրեթե ամբողջությամբ կազմված է տեղական տեսակներից, այդ թվում՝ 400 տեղական ծառերից և փոշոտիչների համար բարենպաստ տեղական բույսերից, ինչպիսիք են կաթնախոտը, հազարատերևուկը և եղեսպակը։ Մեր նպատակն է՝ վերակենդանացնել տարածքի էկոլոգիական ժառանգությունը և հարմարավետ պայմաններ ստեղծել մարդկանց համար՝ միաժամանակ հոգ տանելով բարգավաճման, ֆունկցիոնալության և շրջակա միջավայրի կենսաբազմազանության մասին։

Հազարատերևուկ և կոյոտի անանուխ Gradient Canopy-ում

Հազարատերևուկ և կոյոտի անանուխ Gradient Canopy-ում։ Լուսանկարիչ՝ Մարկ Ուիքենս։

Gradient Canopy-ում մեր էկոլոգիական ռազմավարության առանցքային մասը կենտրոնանում է ծառերի մեկ տեսակի՝ կաղնիների վրա։ Կալիֆոռնիական լանդշաֆտի խորհրդանշական ծառերը՝ կաղնիները, ժամանակին գերիշխում էին Սիլիկոնյան հովտում։ Տեղական կաղնիները երաշտադիմացկուն են, հրադիմացկուն և արդյունավետ են օդի աղտոտումը վերացնելու և մթնոլորտից ածխածին կլանելու հարցում։ Բացի այդ՝ կաղնու անտառային էկոհամակարգերը պահպանում են Կալիֆոռնիայի բուսական և կենդանական ամենամեծ բազմազանությունը՝ տուն հանդիսանալով շուրջ 2000 այլ բուսատեսակների և միջատների մոտ 5000 տեսակի համար։ Հարյուրավոր այլ թռչունների, կաթնասունների և վայրի բնության այլ ներկայացուցիչների համար կաղնու անտառների հարստությունը աղբյուր է սննդի, ապաստանի և ստվերի։

Մենք աշխատել ենք տեղի գիտնականների հետ՝ լանդշաֆտի համար նախագծելու փոխկապակցված ծառածածկույթ, որը ներառում է կաղնիներ, ինչպես նաև այլ տեղական ծառատեսակներ, ինչպիսիք են ձիակասկը, չինարը և ուռենին։ Փոխկապակցված ծածկույթը ստեղծում է վայրի բնության միջանցքներ կառուցապատված տարածքների միջով և մեղմացնում է քաղաքային ջերմային կղզու էֆեկտը։

Gradient Canopy-ի տեղական ծառերի ենթաշերտը բաղկացած է էնդեմիկ բույսերի տեսակներից, որոնք բնական միջավայր են ձևավորում փոշոտող միջատների համար, ինչպիսիք են թիթեռները և մեղուները, ինչպես նաև թռչունների համար։ Տեղամասի մի հատվածը նախատեսված է արևմտյան դանաիդա մոնարխ թիթեռների պոպուլյացիան պահպանելու համար։ Մենք օգտագործում ենք լավագույն գիտական մոտեցումները, որպեսզի ճիշտ համամասնությամբ տնկենք մետաքսաբույսի թփեր, որոնցում այդ թիթեռները ձու են դնում, և որտեղ ապրում են թրթուրները, և ծաղիկներ, որոնք օգնում են թիթեռներին ուժ հավաքել երկար չվելուց առաջ։

Gradient Canopy-ում մենք համադրել ենք փոշոտիչ միջատներին գրավող տեղական բույսերը մշակովի հողամասերի և մեղվի փեթակների հետ՝ հասնելու քաղաքային գյուղատնտեսության նպատակներին Living Building Challenge ծրագրի շրջանակում, որի նպատակն է համայնքին ապահովել տեղում աճեցված թարմ սննդով։ Տարածքի երկու հողամասերը սնունդ են մատակարարում մեր սրճարանների և Google-ի աշխատողների համար անցկացվող խոհարարական դասընթացների համար՝ ցույց տալով, թե ինչպես կարելի է զարգացնել տեղական սննդամթերքի արտադրությունը այգեգործության և կանաչապատման միջոցով։

Ծաղկաթմբեր Gradient Canopy-ում։

Ծաղկաթմբեր Gradient Canopy-ում։

Բացի այդ՝ շնորհիվ Planet Bee Foundation-ի աջակցության, որը ոչ առևտրային կազմակերպություն է և Մաունթին Վյուում զբաղվում է Google-ի փեթակներով՝ մենք երեք փեթակ ենք տեղադրել Gradient Canopy-ի տարածքում։ Նախագծման ընթացքում մենք ուսումնասիրել ենք, թե լանդշաֆտային ինչ փոփոխություններ կարող են հարմարավետ պայմաններ ստեղծել ինչպես ոչ տեղական մեղրատու, այնպես էլ այլ տեղական մեղուների համար։ Այս ուսումնասիրությունը կօգնի Google-ին որոշել, թե ինչպես կարելի է ոչ տեղական մեղրատու մեղուներին հետագայում ինտեգրել լանդշաֆտային դիզայնում, որպեսզի նրանք կարողանան իրենց ներդրումն ունենալ տեղական կենսաբազմազանության և տեղական սննդամթերքի արտադրության մեջ։

Gradient Canopy-ի քաղաքային էկոլոգիական նախագիծը ուղղորդվում է Google-ի էկոլոգիական ծրագրով, որը մենք մեկնարկել ենք 2014 թվականին՝ մեր բացօթյա տարածքների նախագծման մեջ հասանելի առաջադեմ գիտական ձեռքբերումները ներառելու նպատակով։ Ի վերջո, Gradient Canopy-ն մեր համալսարանական քաղաքների միջոցով բնությունն ու կենսաբազմազանությունը բարելավելու մեր ավելի մեծ տեսլականի առանցքային բաղադրիչներից մեկն է։