Դեպի ավելի մաքուր, ավելի առողջ ապագայի ուղին սկսվում է փոքր, սակայն ամենօրյա փոփոխություններից։ Մենք ձգտում ենք բարելավել շրջակա միջավայրը և ավելի պատասխանատու կերպով օգտագործել էներգիան, ջուրը և մյուս բնական ռեսուրսները։ Ահա թե ինչու Gradient Canopy շենքը կառուցելիս մենք օգտագործել ենք անթափոն նախագծման սկզբունքները, որպեսզի նվազեցնենք սահմանափակ բնական ռեսուրսների սպառումը վերամշակված և վերականգնված նյութերի օգտագործման հաշվին։
Gradient Canopy-ում տեղադրված է ավելի քան 30 օբյեկտ՝ պատրաստված վերամշակված նյութերից։ Դրանք ներառում են վերամշակված փայտ, հեծանվային կանգառներ, պահարաններ, գորգեր և սալիկներ, որոնք հակառակ դեպքում կհայտնվեին աղբավայրում։ Մենք ընտրել ենք ոչ թունավոր և էկոլոգիապես մաքուր նյութեր, ինչի շնորհիվ շենքը International Living Future Institute (ILFI) կազմակերպության կողմից ստացել է Living Building Challenge (LBC) ծրագրի Materials Petal սերտիֆիկատ։
Շինարարության ծավալների պատճառով մենք պետք է մշակեինք մի քանի ռազմավարություն՝ անհրաժեշտ որակի վերամշակված նյութեր ձեռք բերելու համար։ Այնուամենայնիվ, վերամշակված սալիկների, գորգերի կամ այլ նյութերի անհրաժեշտ քանակությունը գտնելը, որոնք չափի, գույնի և որակի առումով կհամապատասխանեին նախագծին, բավականին դժվար էր։
Մեր մշակած ռազմավարություններից հիմնականը Google-ի պահեստներում պահվող նյութերի առաջնահերթ օգտագործումն էր։ Դա վերաբերում էր ինչպես նոր կառուցված շենքերի ավելցուկային, այնպես էլ քանդման ենթակա շինություններից ապամոնտաժված նյութերին։ Դրանից հետո մենք կիրառության տարբերակներ գտանք հին հատակածածկի, հեծանվային կանգառների, կերամիկական սալիկների և առաստաղի ակուստիկ սալիկների համար։
Բացի այդ՝ մենք օգտագործել ենք վերամշակված փայտանյութ տեղական տարբեր աղբյուրներից։ Օրինակ՝ շինարարությունից մնացած տախտակներից պատրաստվել են նստարաններ, որոնք այժմ տեղադրված են ամբողջ շենքում։ Մենք նաև վերամշակված փայտ ենք գնել տեղական ընկերություններից և օգտագործել այն, ի թիվս այլ բաների, հեծանիվների պահման սենյակների պատերի և Google Store-ի հատակների երեսպատման համար: