Արվեստ բոլորի համար

Վերամշակված և անվնաս նյութերի օգտագործումն էկոլոգիապես ավելի մաքուր է դարձնում արվեստի գործերը Gradient Canopy-ում։

3 րոպե

«Գունդ» և «Գո» արվեստի գործերը Google Visitor Experience-ի հրապարակում։

«Գունդ» և «Գո» արվեստի գործերը Google Visitor Experience-ի հրապարակում։ Լուսանկարիչ՝ Իվան Բաանը Google-ի համար։

Մենք ձգտում ենք ստեղծել ֆունկցիոնալ և էկոլոգիապես մաքուր աշխատանքային տարածքներ, որոնք կզարմացնեն և կտպավորեն ցանկացած մեկի։ Նման տարածքներում յուրահատուկ մթնոլորտ է տիրում․ աշխատակիցներն իրենց հարմարավետ են զգում, լցվում եռանդով և դառնում ընդհանուր նպատակներ ունեցող թիմի մի մաս։ Իսկ արվեստի գործերն աշխատատեղին ավելացնում են մարդասիրական տարր։ Այդ իսկ պատճառով 2010 թվականից մենք մեկնարկել ենք մի քանի մշակութային ծրագրեր՝ Google Arts and Culture, GoogleArts և Artist in Residence։

Google-ի նոր Gradient Canopy շենքում գտնվող Google Visitor Experience կենտրոնում արվեստի խթանման ծրագիրը նպաստում է մեր գաղափարների տարածմանը Մաունթին Վյուի բնակիչների շրջանում։ Բացօթյա հանրային հրապարակում և հետիոտնային արահետներում տեղակայված են հանրային արվեստի վեց գործեր, որոնք Google Visitor Experience-ը դարձնում են գրավիչ և հյուրընկալ վայր բոլորի համար։

Տարբեր երկրներից արվեստագետների յուրաքանչյուր գործ հատուկ նախագծվել է շենքի շուրջ հատկացված որոշակի վայրի համար, որտեղ այցելուները կարող են հետաքրքիր և ուրախ ժամանակ անցկացնել։ Միևնույն ժամանակ, արվեստի այս գործերն արտահայտում են կայուն զարգացման և էկոլոգիապես մաքուր նյութերի օգտագործման գաղափարը Gradient Canopy-ում, քանի որ դրանցից ոչ մեկը չի պարունակում կարմիր ցուցակից նյութեր։ Դա նշանակում է, որ արվեստագետներն իրենց գործերը ստեղծելիս խուսափել են մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վնասակար նյութեր օգտագործելուց և հավատարիմ են մնացել թափոններից ազատ արտադրության սկզբունքներին։ Ինչպես շենքի ներսում և դրսում օգտագործված նյութերը, Gradient Canopy-ում արվեստի գործերը Living Building Challenge (LBC) ծրագրի շրջանակում ստացել են Materials Petal սերտիֆիկատը International Living Future Institute-ի (ILFI) կողմից։

Gradient Canopy-ի համար արվեստի գործեր ընտրելիս մենք որոնել ենք գրավիչ և եզակի աշխատանքներ, որոնք կդարձնեին մեր բացօթյա հրապարակը ուսումնասիրելու և նորից վերադառնալու ցանկություն առաջացնող մի վայր։ Մի խոսքով, մեզ պետք չէին թանգարանային նմուշներ, այլ ինչ-որ բան, որը նման կլիներ ամենամյա Burning Man փառատոնի արտ-օբյեկտներին։ Փառատոնն անցկացվում է Բլեք Ռոք Սիթիում՝ Նևադայի անապատում գտնվող ժամանակավոր քաղաքում, և հայտնի է իր արտահայտիչ և արտասովոր ինստալյացիաներով։ Հանրային արվեստի գործեր որոնելիս մենք համագործակցել ենք Burning Man ոչ առևտրային նախագծի հետ՝ համակարգելու արվեստի գործերի ընտրության գործընթացը։ Նախագծի համայնքային ուղղվածությունը համահունչ է մեր նպատակին՝ ստեղծել այնպիսի ինստալյացիաներ, որոնք ինտերակտիվ են, ստեղծարարական և համախմբող։

SOFTLab-ի «Լուսապսակ» քանդակը Google Visitor Experience-ում

SOFTLab-ի «Լուսապսակ» քանդակը Google Visitor Experience-ում։ Լուսանկարիչ՝ Մարկ Ուիքենս։

Մենք ցանկանում էինք ընտրել արվեստի գործեր, որոնք հավասարապես օգտակար կլինեն թե տեղական համայնքների և թե Google-ի համար։ Burning Man նախագծի աջակցությամբ մենք մի քանի հանդիպում ենք անցկացնել տեղի բնակիչների հետ և կազմակերպել սեմինարներ՝ հավաքելու գաղափարներ։ Համայնքի ներկայացուցիչներից հետաքրքրվեցինք, թե արվեստի ինչ գործեր նրանք կցանկանային տեսնել հանրային տարածքներում։ Հանդիպումներին մենք ականատես եղանք մանկական արկածների և հետաքրքրասիրության պատմությունների, բացահայտեցինք, թե ինչպես են մարդիկ շրջագայում տեսարժան վայրերում, ինչպես նաև նկատեցինք զվարճալի փորձառությունների իրական պահանջ։ Համայնքի ներկայացուցիչներից շատերն ասացին, որ նախընտրում են ինտերակտիվ ինստալյացիաներ, որոնք կապված են ոչ այդքան տեխնոլոգիաների, որքան շոշափելի փորձառության հետ։ Մենք նրանց նաև առաջարկել ենք մասնակցել արվեստի վերջնական գործերի վերաբերյալ քվեարկությանը հրապարակային կայքի միջոցով։

Mr & Mrs Ferguson Art-ի «Հետաքրքրասեր արջը»

Mr & Mrs Ferguson Art-ի «Հետաքրքրասեր արջը»։ Լուսանկարիչ՝ Մարկ Ուիքենս։

Մեր թիմը դիտարկել է ավելի քան 200 արվեստագետի հայտեր ամբողջ աշխարհից։ Ի վերջո, ընտրեցինք արվեստի վեց գործ, որոնք, ինչպես ամբողջ Gradient Canopy շենքը, հստակ և շոշափելի կերպով արտահայտում են կայուն զարգացման մեր մեծագույն նպատակները։ Արվեստի յուրաքանչյուր գործ պատրաստված է վերամշակված և վերականգնված կամ էկոլոգիապես մաքուր նյութերից։ Օրինակ՝ Mr & Mrs Ferguson Art-ի «Հետաքրքրասեր արջը» Կալիֆոռնիայի պաշտոնական խորհրդանիշի՝ մեծ գրիզլիի քանդակ է, որի մորթին կազմված է ավելի քան 160 000 մեկ ցենտանոց մետաղադրամներից։ Միասին այս արվեստի գործերը միտված են այցելուների և Google-ի աշխատակիցների մոտ հիացմունք և ուրախություն առաջացնելուն: Դրանք նաև ոգեշնչման և մտորելու աղբյուր են և հիանալի վայր հանդիպումների համար։