Gradient Canopy նախագծի համար, որին International Living Future Institute (ILFI) կազմակերպության կողմից շնորհվել է Living Building Challenge (LBC) Materials Petal հավաստագիր, մենք առաջնահերթ փորձել ենք գտնել ոչ թունավոր և էկոլոգիապես մաքուր նյութերի օգտագործման եղանակներ։ Այդ իսկ պատճառով մենք ուսումնասիրել ենք էկոլոգիապես մաքուր աղբյուրներից ստացված ամուր բազմաշերտ փայտե կոնստրուկցիաների շինության մեջ ինտեգրման եղանակները՝ փայտի վերականգնվող և ածխածին կլանող հատկություններն օգտագործելու համար։
Ամուր բազմաշերտ փայտե կոնստրուկցիաների կիրառումը շինարարական տեխնոլոգիա է, որի ժամանակ սյուներ, հեծաններ, պատեր, հատակներ և տանիքներ կառուցելու համար օգտագործվում է մամլած փայտանյութ։ Այս մեթոդը հանգեցնում է ածխածնի ավելի ցածր արտանետումների, քան ավանդական շինարարական մեթոդները։ Ուստի ամուր բազմաշերտ փայտե կոնստրուկցիաներին առանցքային դեր է հատկացվել շենքի ներսում, և այս նախագծի շրջանակներում մեր ձեռք բերած փորձառությունն ու գիտելիքները հիմք հանդիսացան Google-ի մյուս շինարարական նախագծերի համար։
Արդեն որոշ ժամանակ է, ինչ մեզ հետաքրքրում է ամուր բազմաշերտ փայտե կոնստրուկցիաների ներուժը, քանի որ այն նպաստում է ավելի առողջ, արդյունավետ և վիզուալ տեսանկյունից ոգեշնչող աշխատատեղերի ստեղծմանը՝ շնորհիվ իր բիոֆիլային հատկությունների։ Բիոֆիլիան բնությունը դիզայնի հետ համատեղելու կարողությունն է՝ ստեղծելու տարածքներ, որտեղ մարդիկ իրենց հարմարավետ են զգում, և շենքի ներսում բաց փայտե տարրեր օգտագործելու հնարավորությունը ոչ միայն նվազեցնում է այնպիսի լրացուցիչ նյութերի կիրառության կարիքը, ինչպիսիք են ծածկույթները և ներկերը, այլև օգնում է մարդկանց զգալ բնության հետ կապը նույնիսկ շինության ներսում գտնվելիս։ Ուստի, երբ սկսեցինք Gradient Canopy-ի նախագծման աշխատանքները, մենք նախ ուսումնասիրեցինք շենքի կառուցվածքում ամուր բազմաշերտ փայտե կոնստրուկցիաների օգտագործման հնարավորությունը և պարզեցինք, որ դրանք հնարավոր չէ օգտագործել մեր ուզած չափսերի սյունամեջեր ստանալու համար։ Այնուամենայնիվ, մենք կարողացանք փայտանյութ օգտագործել շենքի ներսում որոշ կառուցվածքային տարրերի համար։
Այս նախագծում մենք օգտագործել ենք խաչաձև սոսնձված փայտանյութի (CLT) վահանակներ։ Ճարտարագիտական տախտակի այս տեսակը պատրաստվում է առանձին ամուր փայտե տախտակների մի քանի շերտեր սոսնձելով՝ կառուցվածքային ավելի բարձր ամրության հասնելու համար։ Սկզբում մենք օգտագործեցինք CLT վահանակները որպես կաղապարամած (կաղապարներ, որի մեջ բետոն է լցվում) երկրորդ հարկի հատակների համար՝ ապահովելով կոմպոզիտային ամրություն։ Սովորաբար, երբ բետոնը կարծրանում է, կաղապարամածը հանվում է։ Սակայն մենք այնպես էինք պլանավորել, որ փայտը շարունակի ծառայել որպես առաջին հարկի առաստաղի և ներքին բակերի ճաղավանդակների հարդարման նյութ։ Դռներն ու շրջանակները ամբողջ շենքում, հատկապես նիստերի և կոնֆերանսների սենյակներում, նույնպես փայտից ենք պատրաստել։ Դրա համար մեր թիմին՝ մատակարարների հետ միասին, հաջողվեց դռների ամբողջ կոմպլեկտացիայի համար ստանալ Declare հավաստագիր, ինչը մեզ թույլ է տվել նախապատվությունը տալ էկոլոգիապես ավելի մաքուր շինանյութերին՝ սենյակներում առողջ միջավայր ստեղծելու համար։