Փոխակերպվող ավտոկայանատեղի

Alta Garage կայանատեղին այնպես է կառուցվել, որ ապագայում այստեղ ավելի քիչ մեքենաներ լինեն

5 րոպե

Google-ի Alta Garage կայանատեղին Mountain View-ում

Google-ի Alta Garage կայանատեղին Mountain View-ում

Սովորաբար փակ ավտոկայանատեղերը չեն առանձնանում իրենց նորարարական դիզայնով, սակայն դրանք կարևոր դեր են խաղում մի հասարակության համար, որի անդամները A կետից B կետ հասնելու համար հույսը դնում են անձնական ավտոմեքենաների վրա։ Այդուհանդերձ, մենք հույս ունենք, որ ապագայում ավելի քիչ մեքենաներ ու ավելի էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոցներ կլինեն, ինչը կօգնի նվազեցնել ածխածնի արտանետումները և ճանապարհների ծանրաբեռնվածությունը, իսկ կայանատեղերի անհրաժեշտությունը, ամենայն հավանականությամբ, կնվազի։ Այս պարագայում փակ ավտոկայանատեղերը կարող են դառնալ ավելորդ և վերջիվերջո կքանդվեն՝ հանգեցնելով թափոնների, ածխածնի արտանետումների և ծախսերի ավելացման։ Ահա թե ինչու Մաունթին Վյուում Google ընկերության նոր կայանատեղին՝ Alta Garage-ը, միտումնավոր նախագծվել էր այնպես, որ ցանկացած պահի հնարավոր լինի այն վերածել առևտրային, բնակելի կամ հասարակական տարածքի։

Այս կոնցեպցիայում արդեն ներառված են կայանատեղիի օգտագործման այլ սցենարներ։ Եթե փոխվեն հասարակության կարիքները, կարող է փոխվել նաև Alta Garage-ը։ Ավելի շատ գրասենյակային, բնակելի կամ միջոցառումների անցկացման տարա՞ծք է հարկավոր։ Եթե կայանատեղիի անհրաժեշտությունը վերանա, ապա Alta Garage-ը կարող է դառնալ վերոնշվածներից ցանկացածը։ Եվ դա կարելի է անել ծախսերը՝ նվազեցնելով, ժամանակ խնայելով, թափոնների քանակը պակասեցնելով և շրջակա միջավայրին վնաս չհասցնելով։

Alta Garage 1001

Alta Garage-ը տանիքով ավտոկայանատեղի է, որը ապագայում կարելի է հարմարեցնել այլ կարիքների համար։

Մենք մեծ փորձ ունենք ներդրումներ կատարելու կենսակայուն լուծումներում, ինչպիսիք են մեքենաների համատեղ օգտագործման ծրագրերը, ինքնավար մեքենաները և դրանց հետ կապված տեխնոլոգիաները, որոնք օգնում են մարդկանց էկոլոգիապես ավելի ճիշտ ընտրություն կատարել։ Alta Garage-ի գերժամանակակից դիզայնը կյանքի է կոչում այս նպատակները և աջակցում է Մաունթին Վյու քաղաքի տեսլականը՝ նվազեցնել անձնական մեքենաների օգտագործումը և ներդնել փոխադրամիջոցների էկոլոգիապես ավելի մաքուր եղանակներ։

Բայց կոնկրետ ինչպե՞ս է պետք ավտոկայանատեղի նախագծել, որը ապագայում կարողանա մեկ այլ բան դառնալ։ 2018 թվականին այս հարցի ուսումնասիրումն իր վրա վերցրեց անշարժ գույքի գծով Google-ի գիտահետազոտական լաբորատորիայի թիմը։ Դա պայմանավորված էր Google-ի հիմնադիրների ցանկությամբ՝ հեռանալու անձնական մեքենաների համար միջավայրի նախագծումից և կենտրոնանալու ցածր արտանետումներով փոխադրամիջոցների՝ ինքնավար մեքենաների, ավտոբուսների և հեծանիվների վրա։

«Մենք ուզում ենք պատրաստ լինել ապագային, – ասում է Միշել Քաուֆմանը՝ մարդածին միջավայրի գծով Google-ի գիտահետազոտական լաբորատորիայի տնօրենը։ – Լաբորատորիայում մենք փորձարկում ենք տեխնոլոգիաներ, նյութեր, չափսեր և ռազմավարություններ, որպեսզի նվազագույն ծախսերով հնարավոր լինի կառուցել հարմարվողունակ շինություններ»։

Կայանատեղիի ապագա վերափոխում

Գիտահետազոտական լաբորատորիայի մասնագետները որոշել են, թե ինչպես ապագայում Alta Garage-ը կարելի է վերափոխել բնակելի կամ առևտրային նշանակության տարածքի։

Կարևորը շենքի համար ճկուն և հարմարվողունակ հիմք ստեղծելն է, որպեսզի անհրաժեշտության դեպքում ավտոկայանատեղին երկրորդ կյանք ստանա։ Ավտոկայանատեղին ներկայումս տեղավորում է ավելի քան 1700 ավտոմեքենա և ավելի քան 450 էլեկտրամեքենաների լիցքավորման կայան։ Այն կարող է օգտագործվել ինչպես Google-ի աշխատակիցների, այնպես էլ Google Visitor Experience-ի այցելուների կողմից։ Իսկ կայանման թեքահարթակները վերածելով պատշգամբների և ներքին աստիճանահարթակների՝ առանձին հարկերում կարելի է ստանալ հարմարավետ գրասենյակային կամ բնակելի տարածքներ։ Մենք նույնիսկ ուսումնասիրություններ ենք անցկացրել՝ համոզվելու, որ հարկաբաժինների ներկայիս բարձրության պարագայում թեքահարթակների ապամոնտաժումից հետո ապագա սենյակները բավարար ցերեկային լուսավորություն կունենան։ Փակ կայանատեղիի շենքը հարմարվողունակ դարձնելու համար մենք սերտորեն համագործակցել ենք Clark Pacific, Gensler, Hollins, International Parking Design, Ellis Partners, SPMD Design և այլ գործընկերների հետ՝ նախագծին դիզայնի ոչ ստանդարտ լուծումներով տարրեր ավելացնելու համար։

«Օրինակ՝ ավտոկայանատեղին ունի հատակածածկի մեծ վահանակներ և շատ բարձր առաստաղներ, որոնք ավելի շատ համապատասխանում են գրասենյակի կամ առևտրային տարածքների չափսերին», – ասում է Google-ի շինարարության գծով տնօրեն Ջեֆրի Քարրին։ – Մեքենաների համար նախատեսված թեքահարթակները հանովի են։ Երբ դրանք ապամոնտաժվեն, տարածք կստեղծվի ատրիումների, ներքին բակերի կամ տեռասների համար, որպեսզի ցերեկային լույսը կարողանա ներթափանցել սենյակներ»։

Alta Garage

Alta Garage-ը նախագծվել է բարձր առաստաղներով և ընդարձակ տարածքներով, որպեսզի հետագայում այն հնարավոր լինի վերափոխել և օգտագործել այլ նպատակներով։

Բացի այդ՝ առանց թեքությունների դրենաժային համակարգով հարթ հատակի օգտագործումը կհեշտացնի ավտոկայանատեղիի վերակառուցումը։ Հավաքովի երկաթ-բետոնե կոնստուկցիաները լրացուցիչ ամրացվել են, որպեսզի դիմանան ծանր բեռներին, ինչը բնորոշ է առևտրային կամ բնակելի շենքերին։ Այդպիսով կարելի է տեղադրել կախովի պատեր, և ձևափոխված շենքը բաժանել տարբեր գոտիների։ Իսկ կառուցվածքային բլոկները կհեշտացնեն հետագա ջրագծերի և էլեկտրալարերի անցկացումը։

Alta Garage-ի վերափոխում

Այս արտապատկերումներում մենք ցուցադրում ենք, թե ինչպես կարելի է Alta Garage-ը ապագայում վերափոխել բնակելի կամ առևտրային նշանակության շենքի։

Միտքն այն է, որ Alta Garage-ի կառուցվածքը բավականաչափ ճկուն լինի, որպեսզի այն հնարավոր լինի կիսով չափ թողնել ավտոկայանատեղի, կիսով չափ դարձնել գրասենյակ կամ ամբողջությամբ վերափոխել այլ նպատակով օգտագործման համար։ Ավտոկայանատեղիի հատակագծի մեջ հնարավոր այլընտրանքային օգտագործումը ներառելու համար ճարտարապետները պետք է հակադարձ ճարտարագիտությունից օգտվեին։ Որտե՞ղ են տեղակայվելու ապագա գրասենյակային տարածքների աստիճանավանդակներն ու վերելակների հորանները։ Ինչպե՞ս տեղ բացել ջրամատակարարման, ջեռուցման և օդորակման համակարգերի համար, որոնք անհրաժեշտ են բազմաբնակարան շենքերին։ «Մենք պետք է նախ հատակագծեր մշակեինք բնակարանների և գրասենյակների համար և աշխատեինք հետընթաց՝ գտնելու ընդհանրություններ, որոնք ի սկզբանե կարող էին օգտագործվել ավտոկայանատեղիի համար», – ասում է Քաուֆմանը։

Թերթեք աջ և ձախ՝ երկու պատկերները տեսնելու համար․ (1) շինարարության ընթացքում ներկառուցված Alta Garage կայանատեղիի հարմարեցվող տարրեր և (2) օժանդակ տարրեր, որոնք կարելի է հեշտությամբ ինտեգրել շենքում՝ կախված նրանից, թե արդյոք շենքը ապագայում կունենա առևտրային, թե բնակելի նշանակություն։

Alta Garage-ը տիպիկ փակ ավտոկայանատեղիներից տարբերվում է ոչ միայն ներսից, այլև դրսից։ Շինության կինետիկ ճակատը, որը կոչվում է Ode to Bohemia No. 5 (Inexhaustible Blooms) (Ձոն Բոհեմիայի No. 5 (Անսպառ ծաղկունք)) ստեղծվել է կալիֆոռնիաբնակ նկարիչ Քիմ Ուեսթի և SPMDesign ստուդիայի կողմից, ոգեշնչված է տեղական բուսական աշխարհից և բաղկացած է 97 500 գունավոր մետաղական դետալներից, որոնք ամբողջ օրվա ընթացքում արտացոլում են տարբեր երանգներ։ Արվեստի այս գործը գունեղություն, աշխուժություն և ստեղծարարություն է հաղորդում շենքին և դարձնում է այն ավելի հետաքրքիր։ Ճակատային հատվածի կոնստրուկցիան, ինչպես և բուն շենքը, անհրաժեշտության դեպքում կարող է ձևափոխվել․ բոլոր բաղադրիչները կարող են ապամոնտաժվել, տեղափոխվել և հավաքվել նոր վայրում։

Քիմ Ուեսթի «Բոհեմիայի գովերգ №5 (Անսպառ ծաղիկներ)» աշխատանքը ոչ միայն գեղեցկություն և գույներ է հաղորդում շենքին, այլև հարմարեցվող կառույց է, որն անհրաժեշտության դեպքում հետագայում կարելի է տեղափոխել այլ վայր։

Նույնիսկ եթե Alta Garage-ը երբևէ դադարի ավտոկայանատեղի լինելուց, առաջին հարկը դեռ կծառայի որպես լիցքավորման կայան և մեքենայից իջնելու կամ մեքենա նստելու վայր։ Տանիքի արևային վահանակներն օգնում են էներգիա արտադրել շենքի համար, իսկ կայանատեղերը ապագայում կարող են ծառայել որպես անօդաչու թռչող սարքերի, թռչող մեքենաների կամ ինքնակառավարվող մեքենաների համար նախատեսված հարթակներ։

Անկախ նրանից, թե ինչ ապագա է սպասվում Alta Garage-ին, մենք արդեն մտածում ենք, թե ինչպես կարող ենք այն օգտագործել։

Alta Garage-ի տանիքին տեղադրված ֆոտոէլեկտրական արևային վահանակների վերևից արտապատկերում։