Gradient Canopy-ի Google Visitor Experience-ում մենք կարևորում ենք Google-ի մշակութային ասպեկտներից սննդի հանրային հասանելիության ծրագիրը։ Cafe @ Mountain View սրճարանը մեր առաջին հանրային սննդի կետն է, որտեղ համայնքի անդամները կարող են սնունդ գնել և միանալ մոլորակի կենսակայուն զարգացման մեր փորձառությանն և ցուցումներին։
1999 թվականից սկսած՝ մեր պարենային ծրագիրը նշանակալի ազդեցություն է ունեցել ստեղծարարության, համագործակցության և Google համայնքի մշակույթի վրա։ Մենք առաջարկում ենք համեղ ու սննդարար ուտեստներ ջերմ, ընկերական միջավայրում, որտեղ մարդիկ կարող են շփվել և փոխանակվել գաղափարներով: Մեր սեղանների շուրջ են ծնվել բազմաթիվ նորարարական գաղափարներ։ Օրինակ՝ Gmail-ը, որը սկիզբ է առել հենց մեր սրճարաններից մեկում տեղի ունեցած զրույցներից։
Google-ի պարենային ծրագիրն ի սկզբանե նախատեսված է եղել համայնքի զարգացման համար՝ նպատակ ունենալով ստեղծել կապեր ինչպես մեր կամպուսի ներսում, այնպես էլ տարածաշրջանում՝ ուտեստների որոնման և պատրաստման միջոցով։ Համայնքի նկատմամբ հոգատարությունը մեր խոհարարական փիլիսոփայության հիմնաքարերից է։ Մենք գիտակցում ենք, որ սննդի հետ կապված մեր յուրաքանչյուր ընտրություն էական ազդեցություն է թողնում ոչ միայն Google-ում, այլև դրա սահմաններից դուրս։ Սկսած մեր ճաշացանկից մինչև ուտեստների պատրաստման եղանակները՝ մեր ողջ պարենային ծրագիրը նպատակաուղղված է դրական ազդեցություն թողնելու ինչպես տեղական մատակարարման շղթաների, այնպես էլ մեր մոլորակի վրա։
Մեր պարենային ծրագրի իրականացման արդյունքում կայանում են հեռանկարային գործընկերություններ և կենսակայունության ծրագրեր՝ նպաստելով դրական փոփոխություններին և հիմք ստեղծելով ապագայի առողջ պարենային համակարգերի համար։ Տեղական մատակարարների հետ մեր երկարամյա համագործակցության շնորհիվ մեր խոհարարները ստեղծում են բացառիկ ճաշատեսակներ՝ օգտագործելով տեղական և սեզոնային բաղադրիչներ։ Մենք մանրակրկիտ կերպով ընտրում ենք մեր մատակարարներին՝ համագործակցելով միայն այն ընկերությունների հետ, որոնք կիսում են մեր արժեքները՝ կենսակայունություն, բիզնեսի բազմազանություն և համայնքի զարգացում։ Շրջակա միջավայրի պահպանման նպատակով մենք նախապատվությունը տալիս ենք այն մատակարարներին, որոնք զբաղվում են վերականգնվող գյուղատնտեսությամբ, կիրառում են վերամշակում և նվազագույն փաթեթավորում։ Հնարավորության դեպքում մենք ընտրում ենք տեղական արտադրանքը՝ նվազեցնելով օդային փոխադրումների անհրաժեշտությունը։ Այս մոտեցմամբ մենք խթանում ենք սննդի և ըմպելիքների արդյունաբերության անցումը դեպի պատասխանատու գործելակերպ, որն օգտակար է թե՛ շրջակա միջավայրի, թե՛ մեր համայնքների համար։
Բաղադրիչների պատասխանատու մատակարարման հետ մեկտեղ մեր պարենային ծրագրում առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում կայունության երկու հիմնական սկզբունքի՝ սննդի թափոնների նվազեցմանը և մեկանգամյա օգտագործման պլաստիկի վերացմանը։ Համաշխարհային վիճակագրությունը ցույց է տալիս, որ մարդու սպառման համար արտադրվող սննդի մոտ 35%-ը կամ 66 500 000 տոննան ամեն տարի վերածվում է թափոնի։ Հետևելով Google-ի կենսակայունության նպատակներին՝ մենք պարտավորվել ենք մինչև 2025 թվականը հասնել սննդի թափոնների զրոյական մակարդակի։ Ինչպե՞ս ենք դա անում։ Մեր ռազմավարությունը բաղկացած է երեք հիմնական բաղադրիչից՝ թափոնների կանխարգելում սննդամթերքի ձեռքբերման և գնման փուլում, խոհանոցների ու սրճարանների արդիականացում՝ թափոնների նվազեցման ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, և ավելցուկային սննդի արդյունավետ վերաօգտագործում կամ պատշաճ հեռացում։ 2014-2021 թվականների ընթացքում մեր ջանքերի շնորհիվ մոտ 4,5 միլիոն տոննա սննդամթերք չի հայտնվել աղբավայրերում։
Մենք նաև ջանք չենք խնայում նվազեցնելու պլաստիկի օգտագործումը մեր սննդի տարածքներում։ Մենք նախընտրում ենք կատարել մեծածավալ գնումներ, հնարավորության դեպքում ընտրում ենք նվազագույն փաթեթավորմամբ նորարարական արտադրանք և արդեն իսկ օգտագործում ենք ապրանքների տեղափոխման համար նախատեսված մետաղական վանդակներ։ Մեր նորագույն նախաձեռնություններից է յոգուրտի տարաների փոխարինումը, որի նպատակն է խուսափել մեկանգամյա օգտագործման բաժակների կիրառումից։ Նախուտեստներն այժմ մատուցվում են մեծածավալ տարաներով, ինչի շնորհիվ նվազեցնում ենք մեկանգամյա օգտագործման փաթեթավորման թափոնները։